Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ձմեռն էլ է ուզում գնալուց առաջ մի քիչ գարուն զգալ

Ձմեռն էլ է ուզում գնալուց առաջ մի քիչ գարուն զգալ
21.03.2024 | 16:05

Պետք չի շատ նեղվել գարնանային ձնից։ Ձյունը ձմռան աղոթքն է, թող մի քիչ աղոթի. մեկ է, երկար չի տևելու։ Անլուրջ ձմեռ էր, ամբողջ ձմեռ ձմեռ չարեց, իսկ հիմա էլ ի՜նչ է մնում անելու, բացի աղոթելուց։ Վերջին ուժերը լարել է, որ գոնե մի բան թողնի իր հետևից։

Գարունը բարի է, չի վռնդում, խղճում է։ Իհարկե, զոհեր էլ են լինում։ Ձմեռն էլ է ուզում գնալուց առաջ մի քիչ գարուն զգալ ու իր սառցե մատներով գրկում է նոր դուրս եկած բողբոջները, ուզում է գոնե մի անգամ զգալ դրանցում խլրտացող կյանքը։ Նա շա՞տ գիտի, որ նուրբ բողբոջը դրանից կարող է մեռնել։

Կամ նա շա՞տ է հասկանում, որ մենք արդեն ամառային անվադողեր ենք հագել ու ջերմություն ենք ուզում, էլ չենք ուզում սայթաքենք սառույցի վրա, չենք ուզում կծկվենք վառարանի մոտ, չենք ուզում հարյուր տակ շոր հագնենք, որ դրսում չմրսենք։

Ոչինչ, քիչ մնաց, մենք էլ դիմանանք, չչարանանք ձմռան վրա։ Հետո էլ՝ մեզ ի՜նչ գարուն, մենք ե՜րբ ենք գարուն ունեցել, դեռ ձյունը չհալված՝ մեկ էլ շոգը նենց է հուպ տալիս, որ շունչներս կտրվում է։

Նենց որ՝ վայելե՛նք ձմռան վերջին դեֆիլեն։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6401

Մեկնաբանություններ